Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Առողջությունը` տոն և ոչ թե` տոնը մղձավանջ

Առողջությունը` տոն և ոչ թե` տոնը մղձավանջ

Հին փիլիսոփաներից մեկի «Թե ուզում ես առողջ և երկար ապրել, կարճացրու ճաշիդ սեղանը» թևավոր խոսքն ավելի քան տեղին է ասված մեր հանրապետությունում, գուցեև ամբողջ աշխարհում ամենասիրված և ընդունված տոնը` Ամանորը դիմավորող քաղաքացիներից շատերի հասցեին:

 

Իսկապես, ի՞նչ է տեղի ունենում Ամանորի գիշերը և դրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում. արհամարհելով առողջական վիճակ, ֆիզիկական հնարավորություններ,«կարելի» և «չի կարելի» ամեն մի սահմանագիծ, ամեն տարիքի շատ մարդիկ այնքան բազմապիսի և բազմաքանակ կերակուրներ են համտեսում և ոգելից խմիչքներ օգտագործում, որ արդյունքում, հատկապես քրոնիկական, սիրտ-անոթային, էնդոկրին, ստամոքս-աղիքային և մի շարք այլ հիվանդություններով տառապող մարդիկ ստիպված են լինում ձեռքը վերցնել հեռախոսը և հավաքել շտապօգնության 1-03 հեռախոսահամարը:

 

Չխախտելով ավանդույթը, այս տարի էլ մենք այցելեցինք Երևանի քաղաքապետարանի շտապբուժօգնություն ՓԲԸ-ի «Կենտրոն» ենթակայան` իրազեկվելու, թե տոնական և դրան հաջորդող օրերին քանի՞ կանչ է արձանագրվել և ի՞նչ ընթացք է տրվել այդ կանչերին:

 

Մեզ հետ զրույցի ժամանակ ենթակայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ 2012 թվականի հունվարի 1-8-ը մայրաքաղաքում շտապօգնության ընդհանուր կանչերի թիվը կազմել է 5708: Եթե հաշվի առնենք, որ 2011 թվականի համեմատությամբ այս թիվը 1103-ով ավելի է, ապա մտահոգությունն ավելի քան տեղին է:

 

Մանկական կանչերի թիվն էլ քիչ չի եղել` 513, հոսպիտալացվել են 118 մանկահասակ և դեռահաս երեխաներ:

 

Ընդհանուր առմամբ` տարվա առաջին 8 օրերի ընթացքում շտապօգնության կանչերի արդյունքում հոսպիտալացվել է 895 մարդ: Եղել են նաև կրկնակի կանչեր (212), ինչը պայմանավորված է եղել ինքնազգացողության վատթարացման և մի շարք այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով:

 

Տիկին Ստեփանյանը ցավով փաստեց, որ, ինչպես միշտ, կանչերի առյուծի բաժինն ընկնում է սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց ուսերին. նրանցից 269-ը տեղափոխվել են հիվանդանոց: Արձանագրվել են 25 ալկոհոլային և 3 սննդային թունավորումների դեպքեր:

 

Դժբախտաբար, մարդիկ օգտվելով այն հանգամանքից, որ շտապօգնության բուժծառայությունը բացառապես անվճար է, առանց ծանրութեթև անելու և սեփական հնարավորություններով ինքնազգացողությունը խաթարված հիվանդին օգնություն ցուցաբերելու, իրենց ավելորդ անհանգստությամբ ու երկարաբանությամբ զբաղեցնում են հեռախոսագծերը` դրանով զրկելով հույժ անհրաժեշտ օգնության կարիք ունեցող մարդկանց օգտվելու կանչի իրավունքից: Մինչդեռ քաղաքացիները պետք է իմանան, որ որքան էլ այսօր մայրաքաղաք Երևանը և հանրապետության մարզերը տրանսպորտային միջոցների, բուժանձնակազմերի և դեղորայքային ու այս կարգի որևէ խնդիր չունեն, սակայն գոյություն ունի նորմա. մայրաքաղաքում, օրինակ,  շտապօգնության ծառայությունը, յուրաքանչյուր կանչին կարող է արձագանքել 7-12 րոպեի ընթացքում` ոչ ավելի, քան 500 կանչ մեկ օրում: Մինչդեռ Ամանորի առաջին երկու-երեք օրերին կանչերի թիվը մեկ օրվա ընթացքում գերազանցում էր 700-ը, բնականաբար, անձնակազմերն ուղղակի, եթե շատ էլ ջանային, չէին կարող 7-12 րոպեում տեղ հասնել և առաջին բուժօգնություն ցուցաբերել բոլոր կանչատերերին: Հետևաբար, պետք է ըմբռնումով մոտենալ առանձին հապաղումներին, չէ որ շտապօգնության ծառայության անձնակազմը, գիտակցելով պահի կարևորությունը, շուրջօրյա հերթապահությունն անցկացնում է պարտքի ու պատասխանատվության զգացումով, մնում է, որ մեր քաղաքացիները միայն պահանջողի, բողոքողի դերում հանդես չգան, այլ տոնին վերաբերվեն տոնականորեն` առաջին հերթին մտածելով, որ ավելորդ, անորակ, ժամկետանց սնունդն ու ոգելից խմիչքներն ամենից առաջ իրենց են վնասելու, հատկապես նրանց, ովքեր առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունեն լուծելու:

 

Երիցս ճշմարիտ է նաև «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը, ով սննդային թունավորումներից խուսափելու ամենակարճ ճանապարհը համարում է այն, որ ետամանորյա օրերին մնացած ուտեստներից ոչ միայն պետք է հրաժարվել, այլև առանց ափսոսալու նետել աղբանոց` տանը թողնելով միայն… գույնզգույն լույսերով ողողված տոնածառը, մնացածը թողնում ենք մեր ազգաբնակչության բանականությանը, ինչը նրան պետք է հուշի, որ առողջությունը տոն է, որն անխոհեմության պատճառով  պետք չէ վերածել մղձավանջի:

 

Սովորաբար, Հայաստանում, մասնավորաբար մայրաքաղաք Երևանում, հատկապես հունվար ամսին գրանցվում են ձյան առատ տեղումներ և օդի ջերմաստիճանի անկում: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, 2012 թվականի հունվարը թե´ տեղումների, թե´ ջերմաստիճանի կայունության առումով բարվոք էր: Հավանաբար, այս հանգամանքով է պայմանավորված, որ վնասվածքների, սայթաքումների հետևանքով կոտրվածքների թիվն անհամեմատ քիչ է: Հունվար ամսին մայրաքաղաքում գրանցվել է «փողոցային» 56 կանչ. տուժած և զանազան կոտրվածքներ ստացած 33 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց:

 

Բոլորովին այլ է պատկերը փետրվար ամսին: Եղանակի կտրուկ վատթարացման, ջերմաստիճանի նվազման (հատկապես, գիշերային ժամերին) և առատ ձյունատեղումների հետևանքով միայն առաջին երկու տասնօրյակում 90-ից ավելի «փողոցային» կանչ է գրանցվել. 86 տարբեր կոտրվածքներով, սալջարդերով և մարմնական այլ ծանր վնասվածքներով քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց:

 

«Շտապօգնության» ենթակայանի տնօրենը հավաստիացնում է, որ ձյան ու սառույցի «զոհ» դարձած բոլոր քաղաքացիներին ցուցաբերվել և առաջիկայում ևս կցուցաբերվի պատշաճ մակարդակի շտապօգնություն, մնում է, որ ազգաբնակչությունը տնից դուրս գալուց հետո ցուցաբերի առավել զգուշություն և սթափություն, խուսափի քայլել սառցալուլաներով ծանրաբեռնված շենքերի տակով և սառցակալած մայթերով:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. prigotovimvmeste.blogspot.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ